Ղարաբաղյան հակամարտության լուծումը ըստ Գորբաչովի

Ղարաբաղյան հակամարտության լուծումը ըստ Գորբաչովի

ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ընդ որում, ըստ նրա, այստեղ գլխավոր դերը Հայաստանինը և Ադրբեջանինն է. անհրաժեշտ է երկու կողմերի շահերից բխող լուծում գտնել՝ «առանց հաղթողների և պարտվողների», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին

 

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ ծանր հարց է' հին, արմատներով անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել: Եվ հետագայում Ռուսաստանը եւս փորձում էր։ Այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցվել են, կարևոր է կանգ չառնել, նորից տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել»,- ԶԼՄ-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը, ով ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին' ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:

 

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է: Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից' առանց հաղթողների եւ պարտվողների»,- ասել է Գորբաչովը:

 

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր, որ այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

 

«Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

 

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

 

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»,-նշել է Մանե Գևորգյանը: