Արծրուն Հովհաննիսյանը ամփոփում է օրը

Արծրուն Հովհաննիսյանը ամփոփում է օրը

Այսօր ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավային ուղղությունը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։

 

«Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր ԶՈՒ ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:

 

ՊՆ ներկայացուցչի խոսքով' հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն․ մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։