
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկի տանիքից կրակ և ծուխ է նկատվում։
shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի գրեթե 5 տան տանիքներում՝ ընդհանուր մոտ 600 քառակուսի մետր տարածքով։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, և բնակիչների, իսկ հետո արդեն հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումն այլ տներ։
Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել է։ Այրվել են տանիքներից մոտ 140 քմ հատված, մեկ տան երկրորդ հարկը և տանիքը՝ մոտ 40 քմ, մեկ տան երկրորդ հարկում՝ խոհանոցը և ջերմահարվել կից տան տանիքից մոտ 10 քմ հատված։