
Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։
Shamshyan.com-ի տեղեկություններով,դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։