
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Կրթություն. ՀՀ բոլոր դպրոցներում սովորողները կիրականացնեն ուսումնական նախագծեր՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով:
Երիտասարդություն. երիտասարդների հետ կիրականացվեն պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության մասին բանախոսություններ՝ զուգակցվող հարցուպատասխանով:
Որպես բանախոսներ հանդես կգան պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող, իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող, հանրության շրջանում ճանաչված գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և իրենց գործունեության արդյունքում հասարակության տարբեր խմբերի համար շոշափելի, դրական փոփոխություններ ապահոված անհատներ, կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:
Մշակույթ. Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ: