What's Hot

    Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

    shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանը և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

    Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

    Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

    Հրշեջ-փրկարարներն այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, ապա պարեկների հետ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան հեռացրել են ավտոքարշակով, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

    Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի հետևանքով 4 վիրավոր կա, ինչը հիմք էին ընդունել իրավապահները, սակայն հետո պարզվեց, որ տեղեկությունն իրականության հետ կապ չունի։