What's Hot

    Հազարավոր մոմեր, յուրահատուկ մթնոլորտ և գեղեցիկ երաժշտություն Հանրապետության հրապարակում։ «Երկրի Ժամը» շարժման 20-րդ տարեդարձը այս անգամ անցկացվեց հեքիաթային համերգով՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Candlenight Concerts-ի համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ 


    «Երկրի Ժամը» ամենամեծ բնապահպանական նախաձեռնություններից մեկն է, որը մեկնարկել է 2007-ին։ Ամեն տարի ավելի քան 190 երկիր և հազարավոր քաղաքներ միանում են շարժմանը՝ մեկ ժամով անջատելով ոչ անհրաժեշտ լույսերը։ Իսկ արդեն 2008-ից ի վեր շարժման ակտիվ մասնակից է նաև Հայաստանը։


    «Այս նախաձեռնությամբ մեր կարեկցանքն ենք ցանկանում ցույց տալ բնության և մոլորակի նկատմամբ։ Լույս անջատելու գաղափարը միայն խնայելու մասին չէ, այլ նաև մեր մասնակցությունն ու ձայնն ենք լսելի դարձնում համաշխարհային մակարդակով» , — մեզ հետ զրույցում նախաձեռնության մասին խոսելիս ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը։ 


    Աղասյանը հիշեցրեց նաև, որ այս տարի հյուրընկալելու ենք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը․ «Կարծում եմ, որ նման նախաձեռնություններին մեր մասնակցությունը միայն դրական ազդակ է և բացառիկ հնարավորություն դառնալու գլոբալ բնապահպանական օրակարգի ակտիվ մասնակից և ձևավորող»։


    WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին միանալ շարժմանը և դրանից զատ՝ աջակցել WWF-ի ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը։


    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով: Իրականացված աշխատանքի արդյունքում Երևանում առաջին անգամ ունենք դրական կանխատեսում, և արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում»։