What's Hot

    Ներքին գործերի նախարարության առաջարկով փոփոխվում է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի կարգը։ Նախագիծն ընդունվել է կառավարության մարտի 5-ի նիստում։

    Ներկայում էլեկտրամոբիլների շարժիչի հզորության պարզումը խնդրահարույց է, քանի որ ներմուծվող մեքենաների զգալի մասի վրա կա՛մ բացակայում է նույնականացման պիտակը, կա՛մ դրա վրա նշված են լինում տարբեր՝ առավելագույն և նվազագույն հզորության արժեքներ։ Նշվում է, որ այս անորոշությունը բացասական ազդեցություն է ունենում քաղաքացիների վրա՝ փոխադրամիջոցի գույքահարկի տարեկան վճարման տեսանկյունից։

    Նախագծով առաջարկվում է էլեկտրամոբիլի շարժիչի հզորությունը վերցնել էլեկտրոնային անձնագրերի շտեմարանից, իսկ տվյալների բացակայության դեպքում կիրառել հատուկ բանաձև։

    ՆԳ  նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց գույքահարկի փոփոխության ազդեցությունը կոնկրետ օրինակներով: Ըստ նրա՝ 544 ձիաուժ հզորությամբ 2025-ի արտադրության մեքենայի գույքահարկի ներկա չափը կազմում է 660,000 դրամ, իսկ նոր կարգավորմամբ քաղաքացին կվճարի 276,000 դրամ:

    Մեկ այլ օրինակով՝ մինչև 218 ձիաուժ հզորությամբ 2025-ի արտադրության մեքենայի գույքահարկի ներկա չափը 134,000 դրամ է, սակայն նոր հաշվարկով այն կկազմի 43,500 դրամ:

    Ըստ այդմ՝ մինչև 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում այն կբաժանվի 1,5 գործակցի վրա, 251 և ավելի ձիաուժի դեպքում հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ. 250 ձիաուժի և 1,5 գործակցի քանորդին կավելացվի 250-ը գերազանցող մասի և 2,5 գործակցի քանորդը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա արտացոլել շարժիչի հզորության օբյեկտիվ չափը։

    Մինչև որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների տվյալները հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային վկայագրերում կփոփոխվեն ինքնաշխատ եղանակով։ Մասնավորապես, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված մեքենաների համար փոփոխությունը կիրականացվի հենց այդ օրվանից։ Որոշումը գործելու է մինչև մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը: