What's Hot

    ՀՀ Ազգային ժողովի մարտի 3-ի հերթական նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում իրականացվող փոփոխություններին և շրջանավարտների համար նախատեսված հնարավորություններին։

    Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում բազմիցս ներկայացվել են այն փոփոխությունները, որոնք իրականացվել են ակադեմիայում, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք բացվել են կուրսանտների և ապագա սպաների համար։ Նա ընդգծել է, որ ակադեմիայի շրջանավարտների համար ավարտական քննությունները կարող են հանդիսանալ նաև ատեստավորման քննություն։

    Պապիկյանը նշել է, որ 4-ամյա կրթությունից հետո ակադեմիան ավարտած սպաները ստանում են բնակարան, որի արժեքը կազմում է 35 մլն դրամ։

    Բացի այդ, նախարարի խոսքով, գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, ով ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620 հազարից մինչև 750 հազար դրամ աշխատավարձ։

    «Ասեք մի մասնագիտություն, որ բուհն ավարտելուց հետո քաղաքացին կարող է անմիջապես վաստակել 620 հազարից մինչև 750 հազար դրամ և ստանալ բնակարան։ Այսինքն՝ մարդը 21 տարեկանում ունենում է սեփական բնակարան, բարձր աշխատավարձ, պետական բազմաթիվ երաշխիքներ», — ասել է նախարարը։

    Նա հավելել է, որ իր կարծիքով այսօր ամենալավ և ամենաերաշխավորված մասնագիտությունը զինվորական մասնագիտությունն է։