
1 տարեկան տղա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող խորթ մայրը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Երեխան հոսպիտալացվել է ծեծի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է երեխայի խորթ մայրը:
Գլխավոր դատախազությունն էլ տեղեկացրել էր, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։