
Լեհաստանում օդապարիկը բախվել է բազմաբնակարան շենքին և վայրէջք կատարել մոտակա փողոցում։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այդ մասին հաղորդում է լեհական RMF FM ռադիոկայանը։
Օդապարիկը թռիչք է կատարել Զիելոնա Գորայի Զատոնե շրջանից՝ մոտավորապես ժամը 06:00-ին։ Մոտ երկու ժամ անց, երբ այն թռչում էր քաղաքի կենտրոնի վրայով, բախվել է բազմաբնակարան շենքին, ապա վայրէջք կատարել մոտակա փողոցում։
Վթարի պահին 28-ամյա օդաչու կինն ընկել է օդապարիկի զամբյուղից։ Նրա մարմինը հայտնաբերվել է բազմաբնակարան շենքերից մեկի տանիքում։ Վերակենդանացման փորձերը արդյունք չեն տվել, և կինը մահացել է դեպքի վայրում։
Նշվում է, որ մահացածը տեղական թռիչքային ակումբի անդամ էր և երկար տարիներ զբաղվում էր օդապարիկների թռիչքներով։
Օդապարիկի զամբյուղում գտնվող ևս երկու ուղևորները վայրէջքից հետո կարողացել են ինքնուրույն դուրս գալ։ Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։