
Որպես երկու պատերազմների կամավոր, որպես պատերազմում հարազատ եղբայր կորցրած մարդ և որպես ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի՝ ես ընտրում եմ պաշտպանել խաղաղությունը։
Մինչև վերջին պատերազմը խաղաղության մասին իմ պատկերացումները այլ էին։ Մտածում էի, որ պատերազմը պետք է լինի հարատև, ինքնին տրված մի բան։ Բայց երբ կորստի ցավը զգում ես սեփական սրտում, ընտանիքում, խաղաղությունն այլևս գաղափար չէ․ այն դառնում է գոյության պայման։
Իմ կյանքը բաժանված է երկու մասի՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը և դրանից հետո։ Միայն եղբորս կորցնելուց հետո հասկացա, թե որքան երջանիկ ենք եղել մինչ այդ՝ առանց գիտակցելու այդ երջանկությունը։ Ամեն օր արթնանալ կորստի ցավով, երբեմն մի պահ ցրվել, ուրախանալ, հետո հիշել ու մեղավոր զգալ այդ կարճ ընդմիջման համար՝ սա կյանք չէ, սա անտանելի մղձավանջ է։ Ես չեմ ցանկանում 15–20 տարի հետո մեկ էլ տղաներիս ձեռքը բռնած գնալ պատերազմ։ Ես ուզում եմ ապրել խաղաղ հայրենիքում և պաշտպանելու եմ խաղաղության հաստատումը։
Կան մարդիկ, որոնք անդադար խոսում են պատերազմի շարունակական լինելու անհրաժեշտության մասին։ Սովորաբար նրանք չեն կռվել, չեն կորցրել, չեն ապրել պատերազմի իրական ազդեցությունը։ Եվ ես նրանց միայն մեկ հարց ունեմ․ ո՞ւմ ժառանգների արյան հաշվին եք դուք պատերազմ ուզում։
Պատերազմից վերադարձ չկա։ Կան միայն մարդիկ, որոնք տուն են գալիս՝ իրենց ներսում կրելով պատերազմի անջնջելի հետևանքները։
Պաշտպանելու եմ խաղաղության հաստատումը։ Ու թող սա լինի վերջին «պատերազմը»։