
Գիտնականները մշակել են արհեստական բանականության նոր ալգորիթմ՝ MERLIN անվամբ, որն ընդունակ է վերականգնել իմունային բջիջների տարածական «հիշողությունը»։ Այն թույլ է տալիս որոշել, թե օրգանի որ հատվածից են դրանք սերում, նույնիսկ այն բանից հետո, երբ այդ բջիջները մեկուսացվել և առանձին-առանձին վերլուծվել են:
Այս նոր հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Advanced Science ամսագրում:
Սովորաբար, առանձին իմունային բջիջների ուսումնասիրության ժամանակ կորչում է այն տեղեկատվությունը, որը ցույց է տալիս, թե հյուսվածքի որ հատվածում են դրանք գտնվել։ Սակայն այնպիսի բարդ կառուցվածքներում, ինչպիսիք են երիկամը կամ ուղեղը, այս տարածական բաշխումը չափազանց կարևոր է առողջության և հիվանդությունների գործընթացները հասկանալու համար:
Բոննի համալսարանական հոսպիտալի և Բոննի համալսարանի հետազոտողները պարզել են, որ մակրոֆագերը (խոշոր իմունային բջիջներ, որոնք մասնակցում են բորբոքային գործընթացներին և հյուսվածքների պաշտպանությանը) գեների ակտիվության մակարդակում պահպանում են իրենց ծագման հետքերը՝ նույնիսկ մեկուսացումից հետո:
MERLIN ալգորիթմն օգտագործում է տվյալներն այնպես, որ գեների ակտիվության պրոֆիլների հիման վրա վերակառուցում է, թե օրգանի որ հատվածում են գտնվել բջիջները։ Այն վերլուծում է այն կենսաբանական ազդանշանները, որոնք կապված են շրջակա միջավայրի պայմանների հետ, օրինակ՝ թթվածնի կամ աղի խտությունը:
Գիտնականները ստուգել են MERLIN-ի աշխատանքը մկների մոդելների և մարդու երիկամների նմուշների վրա և ցույց են տվել, որ ալգորիթմը կարող է ճշգրիտ կերպով համադրել իմունային բջիջները և հյուսվածքների նախնական գոտիները։ Սա հատկապես կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է փոփոխվում իմունային պատասխանը՝ կախված օրգանի կոնկրետ հատվածներից, օրինակ՝ բորբոքման, սեպսիսի, իշեմիայի կամ դիաբետիկ երիկամային հիվանդության ժամանակ, երբ իմունային ակտիվությունը տարբեր գոտիներում կարող է էականորեն տարբերվել:
Ալգորիթմը հաստատել է արդեն հայտնի մեխանիզմները և բացահայտել տարածաշրջանային-սպեցիֆիկ պատասխանների նոր մանրամասներ, ինչը նրան հզոր գործիք է դարձնում հիվանդությունների և դեղամիջոցների ազդեցության ուսումնասիրության համար: